Պատմություն

Գլխավոր » Մեր մասին » Պատմություն

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԻՆԸ` ԿԵՐՏԵՆՔ ՆՈՐԸ

«Կամար» բիզնես կենտրոնի տարածքում նախկինում տեղակայված են եղել մի շարք պատմական կառույցներ:

1910թ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի թույլտվությամբ Տեր-Ղուկասյան փողոցում` ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, Թիֆլիսյան առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի (որը բացվել էր դեռևս 1895թ. Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում) համար կառուցվում է նոր շենք` նշանավոր ճարտարապետ Միքայել Օհանջանովի նախագծով:

Հաստատության լուրջ կարգավիճակը և նրա դիրքը քաղաքի նշանավոր Շահարի հրապարակի ընդհանուր կառուցվածքում լավագույն ձևով արտացոլված էին շենքի ճարտարապետական նախագծում, որը նախատեսում էր պատկառազդու ճակատամաս և ներդաշնակորեն զուգակցվում էր հարևան կառույցներին: Բանկի հարևանությամբ մի կողմում Ղանթարի շուկան էր, մյուս կողմում` ռուսական Նիկոլաևյան Սուրբ Աննայի տաճարը, Զամփուլադյանի թատրոնը, որը հետագայում «Սպայի տուն» կոչվեց, Ոստիկանության գլխավոր վարչությունը, քաղաքային զբոսայգին` հայտնի բուլվարը և ամենաշքեղ հյուրանոցները` «Գրանդ հոթել», «Ֆրանսիա», «Լիոն» ուշագրավ անուններով:

1916թ. Թիֆլիսի առևտրային բանկը վերանվանվում է Կովկասյան բանկի, համապատասխանաբար` մասնաճյուղը վերանվանվում է Կովկասյան բանկի Էրիվանյան մասնաճյուղի: Բանկը գործում է Տեր-Ղուկասյան փողոցում մինչև 1920թ.:

1920թ. դեկտեմբերի 18-ից Հայաստանի տարածքում մասնավոր բանկերն ազգայնացվում են, և 1922թ. մարտի 24-ից հիշյալ շենք է տեղափոխվում Հայաստանի Պետբանկը:

Այդ նշանավոր շենքում հետագայում գործունեություն են ծավալել Հայաստանի Կոմունալ բանկը, Շինբանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ-ի Արտաքին առևտրային բանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ Արտաքին տնտեսական բանկի հանրապետական մասնաճյուղը, «Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ» ՓԲԸ-ն, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն, որն էլ 2008թ. վերանվանվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի:

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924թ. մշակվում է Երևանի գլխավոր հատակագիծը: Հանրապետության արագ աճող տնտեսության պայմաններում անհրաժեշտություն է դառնում նոր քաղաքացիական կառույցների շինարարությունը, մասնավորապես բանկերի համար շենքերի կառուցումը:

Գյուղատնտեսական բանկի շենքի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին: Նրա ղեկավարությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով` Գյուղբանկի կառուցման համար: 1926թ. նշանավոր ճարտարապետ Բունիաթովի և Գյուղատնտեսական բանկի միջև ստորագրվում է պայմանագիր` բանկի շենքի նախագծման նպատակով: 1927թ. սկսվում է նաև բանկի աշխատակիցների համար հանրակացարանի շենքի կառուցումը:

1928թ. Գյուղատնտեսական բանկի շենքում տեղակայվում են նաև Ոռոգման աշխատանքների վարչությունը, Անդրկովկասյան երկաթուղու քաղաքային կայանը, Հայբնակկոոպը, Էրիվանի կոմունալ տրեստը, Պետական արդյունաբերությունը:

Արխիվի փաստաթղթերում կան նաև տեղեկություններ այն մասին, որ Նալբանդյան և Էնգելս փողոցների անկյունում Գյուղբանկից բացի գտնվում էին տարբեր հաստատություններ: 1944 թվականին շենքում տեղակայվում է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետաշխդրամարկղերի և պետվարկի վարչությունը, հետագայում` ՍՍՀՄ Պետաշխխնայդրամարկղի հայկական հանրապետական գլխավոր վարչությունը:

Նախկին Կովկասյան բանկի աջ թևում 20-ական թվականներից հետո տեղակայվել են Ռուսական բանկը, Հանգուցային գործկոմը, Կոմունալ տնտեսությունը, Հանգուցային քաղաքային միլիցիան: Իսկ Կովկասյան բանկի և Գյուղատնտեսական բանկի միջանկյալ տարածքը տրվել է վարձակալության հինգ վաճառասրահի, որոնցից հատկապես ձկան խանութը շատ հայտնի էր բնակչության շրջանում:

Ժամանակն անդառնալի հետք էր թողել այս կառույցների վրա` խարխլելով ամրությունը և սկզբնական դիզայներական տեսքը: Շենքերի ենթակառուցվածքները ևս չէին համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին:

Հիշյալ կառույցները բազմամյա օգտագործման և մթնոլորտային ազդեցությունների հետևանքով ստացել էին տարբեր բնույթի և աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, բացի այդ, շենքի կոնստրուկտիվ համակարգում և տեխնիկական լուծումներում առկա էին մի շարք անհամապատասխանություններ գործող ՀՀՇՆ II-6 02-2006 «Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր»-ի դրույթներին: Արդյունքում` շենքի տեխնիկական կոնստրուկտիվ վիճակը գնահատվել է անբավարար, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող նորմերի սանդղակի, դասվել է 3-րդ աստիճանի, ինչն ըստ ՀՀՇՆ 11-6.02-06-ի աղյուսակ 24-ի նախատեսում է շենքերի շահագործվող հատվածից մարդկանց տարհանում` շենքերի վերականգնման և ուժեղացման նպատակով:

Շենքերի վերակառուցման և տեղում բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման պատվավոր գործը ստանձնել է մասնագիտական բարձր կարողություններ և երկարամյա փորձառություն ունեցող «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն, որն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:

«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն դեռևս 2010թ. հայտարարել էր Երևանի Վ. Սարգսյանի, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող կենտրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ: Մինչև աշխատանքներին ձեռնամուխ լինելը ընկերությունը նախաձեռնել է հանրային լսումների կազմակերպում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հանձնաժողովի նիստի (13.07.2012թ. կայացած նիստի թիվ 9 արձանագրություն), ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստի (11.05.2012թ. կայացած նիստի թիվ 4 արձանագրություն) ժամանակ: Կազմակերպվել են նաև մի շարք հանրային լսումներ, այդ թվում` ուսանողության շրջանում, որին մասնակցել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շուրջ 50 ակտիվ ուսանող:

Կարևորելով շենքերի ճարտարապետական նշանակությունը և դրանք պահպանելու անհրաժեշտությունն ու գալիք սերունդներին ժառանգություն թողնելու առաքելությունը` շենքի սեփականատերը`«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի»-ին ամենայն պատասխանատվությամբ ու մեծ հոգածությամբ է նախաձեռնել այդ կառույցների վերակառուցման աշխատանքները` պահպանելով հինն ու կերտելով նորը:

Կամրջելով հինն ու նորը

Սիրով ձեզ ենք ներկայացնում «Կամրջելով հինն ու նորը» գրքի օնլայն տարբերակը:

Այն ներկայացնում է Կամար բիզնես կենտրոնի տարածքում գործունեություն ծավալած նշանավոր կառույցների, հնագույն շենքերի ճարտարապետական արժեքների, պատմական իրադարձությունների մասին տեղեկություններ, հետաքրքիր փաստեր ու բացառիկ լուսանկարներ, որոնք հավաքվել են Հայաստանի և Վրաստանի արխիվներում կատարած երկարատև ուսումնասիրությունների արդյունքում: Գրքում տեղ են գտել նաև տարբեր մասնագետների և պարզապես երևանցիների կարծիքներ, հիշողություններ: