ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Թիֆլիսի առևտրային բանկի Երևանյան մասնաճյուղից մինչև «Կամար» բիզնես կենտրոն
ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1910թ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի թույլտվությամբ Տեր-Ղուկասյան փողոցում` ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, Թիֆլիսյան առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի (որը բացվել էր դեռևս 1895թ. Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում) համար կառուցվում է նոր շենք` նշանավոր ճարտարապետ Միքայել Օհանջանովի նախագծով:
ՇԵՆՔԻ ՄԵԿԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Էրիվանյան մասնաճյուղի նոր շենքի նախնական պլանը ներառում էր երկհարկանի գլխավոր մասնաշենքը Տեր-Ղուկասյան փողոցում: Ավելի ուշ նախագծին ավելանում է նոր թևը՝ Բազառնայա (ներկայումս՝ Խորենացի) փողոցում: Արդյունքում ստացվում է Г-անման շինություն՝ փողոցների անկյունային հատվածում:
Կոմունալ բանկի սև շենքը և Գյուղբանկի՝ Երևանի մոխրագույն մարգարիտը երկար տարիներ ծառայում են զանազան պատկառելի հաստատությունների՝ մշտապես մնալով երևանցիների ուշադրության կենտրոնում:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Ժամանակն անդառնալի հետք է թողել այս փառավոր կառույցների վրա` խարխլելով նրանց հիմքը և աղավաղելով սկզբնական տեսքը, այնպես որ շենքերի ենթակառույցները այլևս չէին համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին: Կարևորելով շենքերի պատմական և ճարտարապետական նշանակությունը և դրանք պահպանելու անհրաժեշտությունն ու գալիք սերունդներին ժառանգելու առաքելությունը` «Կամար» բիզնես-կենտրոնի նախագծի հեղինակները ամենայն պատասխանատվությամբ ու մեծ հոգածությամբ են նախաձեռնել քաղաքի առաջին բանկերի վերակառուցման աշխատանքները` պահպանելով հինը ու կերտելով նորը:
ԿԱՄՐՋԵԼՈՎ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ
Սիրով ձեզ ենք ներկայացնում «Կամրջելով հինն ու նորը» գրքի օնլայն տարբերակը